2014 թվականի սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպությունը, իր հնարավոր ընդարձակման պահից սկսած, կներկայացնի աշխարհի բնակչության 40 %-ին:

Աշխարհը գերիշխելու անգլո-սաքսերի կողմից մղվող պայքարը (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն և Իսրայել) զարգանում է միաժամանակ երկու ուղղություններով՝ «Ընդլայնված Մերձավոր Արևելքի» ստեղծմամբ՝ հարձակվելով միաժամանակ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի վրա և Ռուսաստանին Եվրամիությունից բաժանելու նպատակով Ուկրաինայում կազմակերպված ճգնաժամի միջոցով:

Այս մրցավազքում, XXI-րդ դարի էներգիայի աղբյուր հանդիսացող գազի համաշխարհային շուկայում, Վաշինգտոնը պարտադրում է, որպեսզի դոլարը հանդիսանա որպես միակ արժույթ այնպես, ինչպես այն պարտադրեց նավթի շուկայում [1]:
Արևմտյան լրատվամիջոցները գրեթե ոչինչ չեն հայտնում Դոնբասում ընթացող պատերազմի մասին և այդ երկրների հասարակությունը տեղյակ չէ մարտերի մասշտաբների, ամերիկյան ռազմական ներկայության, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և փախստականների մասին: Փոխարենը արևմտյան լրատվամիջոցները ուշացումով լուսաբանում են Հյուսիսային Աֆրիկայում և Լևանում ընթացող իրադարձությունները՝ դրանք ներկայացնելով այսպես կոչված «արաբական գարնան» արդյունքի տեսանկյունից (այսինքն, գործնականում Մահմեդական եղբայրների կողմից իշխանության զավթում): Այդ իսկ պատճառով արաբներին օգնության հասնելու համար երբեք այսքան անհրաժեշտություն չի եղել, որոնք արևմտյան գաղութացման բացակայության պայմաններում ի վիճակի չեն խաղաղ ապրելու:

Այսօր Ռուսաստանը միակ գերտերությունն է, որն ունակ է առաջնորդել անգլո-սաքսոնյան իմպերալիզմի դեմ պայքարը: Այն ունի երեք լծակ. ԲՐԻԿՍ-ը՝ տնտեսական մրցակիցներից կազմված դաշինք, ուր գիտեն, որ հնարավոր է հզորանալ մյուսների հետ միասին, Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ Կենտրոնական Ասիան կայունացնելու համար Չինաստանի հետ ռազմավարական դաշինք և վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ նախկին Խորհրդային Միության երկրների ռազմական դաշինք:

Հուլիսի 14-ից 16-ը Ֆորտալեզա քաղաքում (Բրազիլիա) տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ ԲՐԻԿՍ-ի անդամները հայտարարեցին Արժույթի պահուստային հիմնադրամի ստեղծման (հիմնականում չինական) և ԲՐԻԿՍ-ի Բանկի մասին, որոնք այլընտրանք կհանդիսանան Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին, այսինքն դոլարի համակարգին [2]:

Այս հայտարարությունից առաջ անգլո-սաքսերն ունեին իրենց պատասխանը՝ Ռուսաստանի և Չինաստանի մահմեդական ողջ բնակչության մեջ խժդժություններ նախապատրաստելու նպատակով Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի ձևափոխումը խալիֆայության [3]: Նրանք արդեն իսկ հարձակվել են Սիրիայի վրա և ներխուժել են Իրաք ու Լիբանան: Սակայն նրանց չհաջողվեց Պաղեստինցիների մի հատվածին Եգիպտոս տեղահանել և կրկին խորապես ապակայունացնել տարածաշրջանը: Եվ վերջապես, նրանք Իրանից հեռու են մնում, որպեսզի Նախագահ Հասան Ռոհանիին հնարավորություն տան թուլացնելու հոմենեիստների հակաիմպերիալիստական շարժումը:

ԲՐԻԿՍ-ի կողմից արված հայտարարությունից երկու օր անց Միացյալ Նահանգները մեղադրեցին Ռուսաստանին Դոնբասի տարածքում Մալազիական ավիաուղիներին պատկանող MH17 չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման մեջ, որի արդյունքում զոհվեցին 298 հոգի: Չհիմնավորված հիմքերով ստիպեցին եվրոպացիներին տնտեսական պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Եվրամիության Խորհուրդը, իրեն համարելով դատարան, առանց որևէ ապացույց ունենալու դատապարտեց և պաշտպանվելու հնարավորություն չընձեռելով մեղադրեց Ռուսաստանին: Ֆինանսական համակարգի նկատմամբ «պատժամիջոցները» չուշացան:

Գիտակցելով, որ եվրոպացի առաջնորդներն իրենց ժողովուրդների շահերը պաշտպանելու փոխարեն աշխատում են անգլո-սաքսերի համար, Ռուսաստանը համբերատար սպասում է և մինչ այսօր Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չի մտնում: Ապստամբներին աջակցում է զենքերով և տեղեկատվությամբ և զորքեր ուղարկելուց ձեռնպահ մնալով՝ ապաստանում ավելի քան 500 000 փախստականների: Հնարավոր է, որ չխառնվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը չի ապստամբել նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունը չի տապալվել:

Տնտեսական պատերազմին ի պատասխան, Մոսկվան նախընտրեց պատասխանել նմանատիպ միջոցներով, որոնք սակայն առնչվում են ոչ ֆինանսներին, այլ գյուղատնտեսությանը: Այս ընտրությունը կատարվել է երկու նկատառումներից ելնելով՝ նախևառաջ, կարճաժամկետ հեռանկարում ԲՐԻԿՍ-ի մյուս անդամները կարող են մեղմել այսպես կոչված «պատժամիջոցների» հետևանքները, և մյուս կողմից, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը նախապատրաստվում է պատերազմի և ինքնաբավ լինելու համար փորձում է վերակազմավորել իր ողջ գյուղատնտեսությունը:

Բացի այդ, անգլո-սաքսերը պլանավորել են Ռուսաստանը ներսից կաթվածահար անել: Սկզբում, Իսլամական էմիրության միջոցով՝ մահմեդական բնակչության մեջ ահաբեկչական խմբավորումներին ակտիվացնելով, այնուհետև սեպտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, լրատվական դաշտի օգնությամբ, անհամաձայնության ալիք բարձրացնելով: Համապատասխան դրամական միջոցներն արդեն հատկացվել են երեսունին մոտ մեծ քաղաքների ընդդիմության բոլոր թեկնածուներին, ինչպես նաև առնվազն 50 000 ուկրաինացի սադրիչներ, փախստականների մեջ խառնված, փորձում են Սանկտ Պետերբուրգում համախմբվել: Նրանց մեծամասնությունը երկքաղաքացիներ են: Ակնհայտ է, որ շրջաններից մեկում ցույցեր են նախապատրաստվելու, ինչպես տեղի ունեցան Մոսկվայում 2011 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ, այնուհետև բռնություններ կկազմակերպվեն և երկրում կսկսվի գունավոր հեղափոխության գործընթացը, որին կողմնակից են պետական պաշտոնյաների և իշխող դասի մի մասը:

Այդ ամենն իրագործելու համար Վաշինգտոնը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում նշանակել է Ջոն Թեֆֆտին (John Tefft), ով Վրաստանում նախապատրաստել էր «վարդերի հեղափոխությունը», իսկ Ուկրաինայում՝ պետական հեղաշրջումը:

Նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աջակցությունը, ում Վաշինգտոնն ակնկալում էր հավաքագրել Պուտինին գահընկեց անելու համար:

Նարենդրա Մոդիի

Ըմբռնելով անխուսափելի վտանգը` Մոսկվան կփորձի համոզել Պեկինին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (OCS) Իրանի փոխարեն համաձայնվել Հնդկաստանի անդամակցության հետ (ինչպես նաև Պակիստանի և Մոնղոլիայի): Որոշման մասին պետք է հրապարակվի սեպտեմբերի 12-ին և 13-ին Դուշանբեյում (Տաջիկստան) նախատեսված գագաթաժողովի ժամանակ: Դրանով իսկ վերջ կդրվի Հնդկաստանի և Չինաստանի միջև դարեր շարունակ շարունակվող հակամարտությանը և նրանք կընդգրկվեն ռազմական համագործակցության մեջ: Այս շրջադարձը, եթե այն հաստատվի, վերջ կդնի Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև առկա մեղրամսին, որը հույս ուներ Հնդկաստանին Ռուսաստանից հեռացնել՝ մասնավորապես միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն տալու ճանապարհով: Նյու Դելիի անդամակցությունը նոր վարչապետ Նարենդրա Մոդիի (Narendra Modi) անկեղծության հաստատումը կլինի, որի գլխին կախված է 2002 թվականին Գուջարատում (Gujarat) հակամահմեդական բռնությունների աջակցման մեղադրանքը, ուր նա ղեկավար-նախարարի պաշտոն էր զբաղեցնում:

Ալի Համենեի

Իսկ Իրանի անդամակցությունը, որը Վաշինգտոնի համար նման կլինի սադրանքի, Շանհայի համագործակցության կազմակերպությանը թույլ կտա հստակ իմանալ ջիհադիստների գործողությունների և նրանց հակազդելու միջոցների մասին: Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա այդ պարագայում Իրանի անդամակցությամբ կնվազի իրանական կողմի՝ «Մեծ Սատանայի» հետ բանակցելու ցանկությունը, որի աջակցությամբ է շեյխ Հասան Ռոհանին ընտրվել նախագահի պաշտոնում: Իրանի անդամակցությունը կվերահաստատի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեի իշխանությունը:

Փաստացի, այս անդամակցությունները կնշմարեն աշխարհում Արևմուտքից դեպի Արևելք փոփոխության սկիզբը [4]: Մնում է միայն, որ այս զարգացումը պաշտպանվի ռազմականապես: Դա Ռուսաստանի շուրջը ստեղծված Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության դերն է լինելու (OTSC), որին սակայն Չինաստանը չի անդամակցում: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, այս կազմակերպությունը դասական դաշինք է, ՄԱԿ-ի խարտիայի հետ համատեղելի, քանի որ յուրաքանչյուր անդամ պահպանում է դրանից դուրս գալու իր ընտրությունը: Եվ այս ազատության վրա հենվելով՝ Վաշինգտոնը վերջին ամիսների ընթացքում փորձել է գնել կազմակերպության որոշ անդամներին՝ մասնավորապես Հայաստանին: Սակայն, Ուկրաինայում տիրող քաոսային իրավիճակը սթափեցրել է բոլոր նրանց, ովքեր փափագում էին Միացյալ Նահանգների «պաշտպանությունը»:

Ուստի, գալիք շաբաթների ընթացքում, լարվածությունն էլ ավելի է թեժանալու:

Թարգմանություն
Արեգ Մանասյան

[1« Qu’ont en commun les guerres en Ukraine, à Gaza, en Syrie et en Libye ? », ըստ Alfredo Jalife-Rahme, Թարգմանությունը Arnaud Bréart, La Jornada (Մեքսիկա), Ցանց Վոլտեր, 7 օգոստոսի 2014 թվ.:

[2« Vers une nouvelle architecture financière », ըստ Ariel Noyola Rodríguez, Ցանց Վոլտեր, 1 հուլիսի 2014 թվ.: “Sixth BRICS Summit : Fortaleza Declaration and Action Plan”, Voltaire Network, 16 July 2014.

[3« Un djihad mondial contre les BRICS ? », ըստ Alfredo Jalife-Rahme, Թարգմանությունը Arnaud Bréart, La Jornada (Մեքսիկա), Ցանց Վոլտեր, 18 հուլիսի 2014 թվ.:

[4Russia and China in the Balance of the Middle East : Syria and other countries”, ըստ Imad Fawzi Shueibi, Voltaire Network, 27 հունվար 2012 թվ.: